Քաղաքացին երկու երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման. հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց

ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր՝ հունվարի 16–ին, զանգահարել է «Ա1+» և տեղեկացրել, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման:

«Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց»,- ասաց Ղազարյանը: Դեպի Վրաստանի սահման քայլելը Ղազարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ 4 տարի է, ինչ նպաստ չի ստանում՝ լինելով սոցիալական ծանր պայմաններւմ և ունենալով երկու անչափահաս երեխա:

Ի դեպ երեխաները միակողմանի ծնողազուրկ են. մեկի մայրը մահացել է, իսկ մյուսինը՝ երեխային թողնելով մանկատանը՝ հեռացել է:

Նշենք, որ հունվարի 8-ին Սողոմոն Ղազարյանը, ի նշան բողոքի, նախագահական նստավայրի դիմաց հացադուլ և ջրադուլ էր հայտարարել: Իսկ հունվարի 10-ին գալով կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում էր խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նրան դիմավորել էր  կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և խորհուրդ տվել նամակ գրել վարչապետին՝ գումարի տրամադրման համար: Ղազարյանը  նշել էր, որ չի պատրաստվում վերցնել, իր խոսքերով, տրամադրվելիք «աղքատավճարը» և նշել, որ կլքի Հայաստանն իր երկու երեխաների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *