Եթե մարդը ապրում է աշխատավարձով և միլիարդներ է կուտակում, չի կարող հանցագործ չլինել․ Արմեն Բաղդասարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ
– Պարոն Բաղդասարյան, այսօր տեղի ունեցավ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, և միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ճիշտ չէ՞ր լինի կամ հնարավոր չէ՞ր, որ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանն» իրենց թեկնածուներին առաջադրեին, քվեարկությանը չմասնակցեին կամ դեմ քվեարկեին՝ իրենց ընդդիմադիր կեցվածքն ընդգծելու համար:

– Այսինքն՝ առաջարկում եք, որ այնտեղ ներկայացո՞ւմ բեմադրվեր: Ինչո՞ւ պիտի այդ կուսակցություններն ինչ-որ անիմաստ գործընթացի մեջ մտնեին, եթե ի սկզբանե որոշված էր, որ ԱԺ նախագահ է դառնալու Արարատ Միրզոյանը, իշխող կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն, և որևէ մեկը դերասանություն անելու ցանկություն չուներ: Բացի այդ՝ երկրորդ հարցը կա. ըստ էության՝ ի՞նչ նշանակություն ունի, թե ով է Ազգային ժողովի նախագահը, ասենք՝ Արարատ Միրզոյանն ԱԺ նախագահ է, իսկ Ալեն Սիմոնյանը փոխնախագահ է, թե՞ հակառակը: Ի՞նչ տարբերություն:

– Իսկ ինչո՞ւ տարբերություն չկա:

– Տարբերություն չկա, որովհետև այս պետական կառավարման համակարգում այս Ազգային ժողովն էական դերակատարում ակնհայտորեն չի ունենալու, և հասարակության ակնկալիքները ոչ թե Ազգային ժողովից են, այլ գործադիր իշխանությունից:

– Բայց չէ՞ որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ խորհրդարանի դերը բավականին մեծանում է:

– Խորհրդարանի դերը մեծանում է այնքանով, որքանով խորհրդարանն է ընտրում վարչապետին, ով սուպերվարչապետական լիազորություններ ունի: Եվ կոնկրետ մեր դեպքում հասարակությունն Ազգային ժողովի պատգամավորներից ակնկալիքներ կունենար, եթե ընտրած լիներ այդ պատգամավորներին: Բայց հասկանալի է, որ հասարակությունն ընտրել է ոչ թե պատգամավորներին, այլ ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Հետևաբար՝ հասարակությունն ակնկալիքներ ունի Նիկոլ Փաշինյանից և նրա կառավարությունից: Դրա համար եմ ասում, որ շատ մեծ նշանակություն չունի, թե ովքեր են զբաղեցնում ԱԺ-ի առանցքային պաշտոնները:

– Պարոն Բաղդասարյան, կարծում եք՝ ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց հիմա թանկացնել գազը, այն դեպքում, երբ գազի սակագինը 165 դոլար էր, 150 դոլար դարձրեց, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ:

– Եթե այդպես էր խնդիրը, ինչո՞ւ իջեցնելը ֆիքսեցին մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Որևէ մեկը երաշխիք ունի՞, որ եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության, չէր թանկանալու: Այսպես թե այնպես, գազի գինը վերանայվելու էր հունվարի 1-ին: Այսինքն՝ միանշանակ պնդել չի կարելի, որ իշխանափոխությունն էր պատճառը:

– Միտում տեսնո՞ւմ եք այն հանգամանքի մեջ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին պահին շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, երբ նա նշանակվեց վարչապետ, և ոչ թե ընտրություններում հաղթանակի համար: Քաղաքական դաշտում գնահատում են, որ ձգձգեց և շուտ չշնորհավորեց:

– Միտում կարելի է տեսնել, կարելի է չտեսնել, բայց ես գիտեմ, որ ընդհանրապես միջպետական հարաբերություններում այդպիսի հարցերն առանցքային դեր չեն կատարում: Այսինքն՝ եթե հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները փոխշահավետ են, դրանք կշարունակեն փոխշահավետ մնալ՝ անկախ նրանից, թե ինչ միջանձնային հարաբերություններ ունեն երկու երկրների ղեկավարները: Իսկ եթե այդ պետությունների շահերը չեն համընկնում, եթե նույնիսկ հարազատ եղբայրներ լինեն այդ երկրների ղեկավարները, այդ հարաբերությունները լարված կլինեն, որովհետև պետությունները, որպես կանոն, առաջնորդվում են պետական շահերով, ոչ թե պետական շահերը ստորադասում են անձնական կապերին: Այդտեղ ես առանձնապես միտում չեմ տեսնում:

– Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկա՞ն:

– Իհարկե՝ կան, իհարկե՝ բազմաթիվ խնդիրներ կան:

– Նոր իշխանությունների դեպքում այդ խնդիրները սրվե՞լ են:

– Իհարկե՝ սրվել են, որովհետև Հայաստանի նոր իշխանություններն ակնհայտորեն չեն ցանկանում Ռուսաստանի հետ շարունակել նախկինում հաստատված վասալային կամ ֆորպոստի հարաբերությունները: Հայաստանի նոր իշխանությունները ցանկանում են ավելի արժանապատիվ, ավելի իրավահավասար հարաբերություններ, իսկ դա Ռուսաստանի իշխանություններին, բնականաբար, դուր չի գալիս, և այդ հարաբերությունները սրվել են: Բայց մենք ինչ-որ պահի, այսպես թե այնպես, այդ հարցը պիտի բարձրացրեինք:

– Ձեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխե՞ն՝ գրավի դիմաց ազատ արձակելով:

– Բացարձակ պատկերացում չունեմ: Հասկանում եմ, որ դա զուտ իրավական խնդիր չէ, նաև քաղաքական, այդ թվում՝ արտաքին քաղաքական խնդիր է: Ոչ մեկի համար հաճելի չէ, որ երկրի նախկին ղեկավարը հայտնվում է մեղադրյալի աթոռին: Կան նաև խնդիրներ, այդ թվում՝ արտաքին քաղաքական: Օրինակ, եթե որևէ մեկին կալանավորելը կարող է պետության անվտանգությանը վնասել, ուրեմն պետք է մտածել՝ արժի՞ արդյոք արդարադատություն իրականացնել, թե՞ ոչ:

– Կա՞ նման վտանգ:

– Չգիտեմ, ես ընդամենը հույս ունեմ, որ այդ որոշումը կայացնողները դա հաշվի կառնեն, թե արժի՞ մի հոգու նկատմամբ արդարադատություն իրականացնել, եթե կտուժի մեր պետությունը, մեր երեք միլիոն քաղաքացիները:

– Ձեր կարծիքով՝ Մարտի 1-ի գործը բացահայտվա՞ծ է, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել:

– Կազմակերպիչների առումով միանշանակ բացահայտված է, բայց հասարակությունն ակնկալում էր, որ կբացահայտվի նաև կատարողների մասով և, ի վերջո, հասկանալի կդառնա, թե այդ 10 մարդուն ովքեր են սպանել: Կազմակերպիչների մասով մարտի 2-ին արդեն բացահայտված էր:

– Նաև Ռոբերտ Քոչարյա՞նն է, որի նկատմամբ առաջադրվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը:

-Իհարկե:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Արմինե Ավետյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *