Հայրի՛կ, կասե՞ս, թե ի՞նչ բան է ընտանիքը…Ընտանիքը` ամեն անգամ Զինվորի մասին խոսելիս մոր թրջվող աչքերն են

-Հայրի՛կ, կասե՞ս, թե ի՞նչ բան է ընտանիքը,-սեղանի մոտ դպրոցական տետրի վրա կռացած տղան ուղղեց մեջքն ու մատիտի ծայրը շրթունքին հենելով` դիմեց տուն մտած հորը։

Հայրը համազգեստի պիջակն աթոռի հենակներին կախեց ու նստեց որդու կողքը։
-Ընտանիքը, տղա՛ս, ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի, չարի ու բարու հարթակ չի, ընտանիքը` շատ կողմերով իրարից տարբեր մարդկանց միությունն է, որտեղ բոլորն ավելի շատ սիրում են միմյանց թերությունները, քան առավելությունները, որտեղ մեկի ցավը բոլորի ողբերգությունն է, հաջողությունը բոլորի երջանկությունը։ Ընտանիքը սեր ու խնամք է քեզանից մեծի ու քեզանից փոքրի նկատմամբ։ Ընտանիքը տատից հարսիկին, նրանից էլ թոռնուհուն անցնող խոսքկապի մատանի է, պապից որդուն, որդուց էլ թոռանն անցնող արժանապատիվ անուն, ազգանուն։

Ընտանիքն այն է, երբ կորուստներն ու ձեռքբերումները դառնում են ընդհանուր ափսոսանքի կամ համատեղ ոգևորության պատմություն։ Երբ մեկի պակասն ու բացակայությունը երբեք որևէ այլ մեկով չի լրացվում, իսկ ընդմիշտ հեռացածին փոխարինում են պատի լուսանկարից մյուսներին նայող նրա հայացքի տակ հազարերորդ անգամ կրկնվող նրա մասին ջերմ պատմություններով ու հիշողություններով։ Որդի՛ս, ընտանիքն այն է, երբ դրսում գտնվողին մյուսները մինչև ուշ գիշեր անհամբեր սպասում, համատեղ դիմավորում, կերակրում և միայն դրանից հետո տան դուռը կողպելով` կարողանում են հանգիստ քուն մտնել։

Վերջապես, ընտանիքը` հայրենիքին ծառայող զինվոր ունենալու պոռթկուն հպարտությունն է։ Ամեն երեկո դասերից ու աշխատանքներից տուն վերադառնալիս իրենց Զինվորի հետ հեռախոսով զրուցելու, նրա վերաբերյալ այդ օրը յուրաքանչյուրի ստացած տեղեկությունների մասին կարոտով քննարկումն է ընտանիքը։

Ընտանիքը` ամեն անգամ Զինվորի մասին խոսելիս մոր թրջվող աչքերն են ու նրան ամեն անգամ սաստող հոր հպարտ հայացքը։ Ամեն երեկո ճաշի նստելիս սեղանին մեկ բաժին լրացուցիչ սպասքն է ընտանիքը` հույսով, որ գուցե հենց այդ օրը լինի օտարությունից թանկի, իսկ սահմանից Զինվորի հաղթական վերադարձի տոնը։

Մուշեղ Բաբայան
Հատված «Գնա՛նք, որդի՛ս» պատմվածքից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *