Փաշինյանն ու Սարգսյանը գծում են Հայաստանի մեծ սահմանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում հանդիպելով Շարժայի էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել, որ գործարարների հատուկ ընտրված խումբ կժամանի Հայաստան՝ ներդրումային հեռանկարներ քննարկելու նպատակով:

Իհարկե այդօրինակ այցերն ու ձեռք բերվող պայմանավորվածությունների մասին հայտարարությունները կազմում են օտարերկրյա պետություններ պաշտոնյաների այցերի «բարի ավանդույթ»: Մյուս կողմից, սակայն, այս դեպքում իհարկե խոսքը պաշտոնյայի մասին է, որը այդօրինակ համաձայնությունների եւ աշխատանքի փորձ ունի մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա, տվյալ դեպքում Հայաստանի նախագահ դառնալը:

Այդ իմաստով, Արմեն Սարգսյանի օտարերկրյա այցերի եւ պայմանավորվածությունների առումով «բարի արարողակարգային ավանդույթը» ուղեկցվում է պրակտիկ աշխատանքային կենսափորձով, որ նա ունի համաշխարհային ամենատարբեր շրջանակներում տարաբնույթ կապերի եւ բանակցությունների տեսքով, արձանագրված արդյունքների տեսքով:

Եվ այդ իմաստով իհարկե Արմեն Սարգսյանի աշխատանքը ստանում է որոշակի առանձնահատկություն, հաշվի առնելով եւ հանգամանքը, որն աչք է զարնում գործնականում բոլոր այցերի ընթացքում՝ լուսանկարներից մինչեւ տեսաշարեր: Խոսքն Արմեն Սարգսյանի այսպես ասած շփման անմիջականության մասին է, լինի այցը ԱՄՆ, Եվրոպա, թե արաբական աշխարհ:

Այդ հանգամանքն իհարկե պրակտիկ կենսափորձի եւ միաժամանակ նաեւ դրա տակ եղած մտածողության պաշարի համադրվածությունն է: Այսինքն, կա ոչ միայն փորձ, այլ նաեւ աշխարհազգացողություն, երբ համաշխարհային միջավայրն ընկալվում է իբրեւ մի դաշտ, որտեղ Հայաստանը մասնակից է, ոչ թե հյուր: Մասնակից՝ տվյալ դեպքում իրեն ներկայացնող նախագահի տեսքով:

Այստեղ հայկական պետականության համար առանցքային հանգամանք է՝ հասնել այնպիսի տնտեսա-քաղաքական վերնախավերի եւ ընդհանրապես սերնդի ձեւավորման, երբ այդ համադրությունը բնորոշ կլինի արդեն ոչ թե առանձին պաշտոնյաների, անհատների, այլ ընդհանրապես կունենա հանրային բնութագրի ընդգրկում եւ Հայաստանի տնտեսա-քաղաքական էլիտաները համաշխարհային շրջանակում կգործեն մասնակցի, ոչ թե հյուրի կարգավիճակով:

Այդ առումով էր նաեւ հատկանշական նախագահ Սարգսյանի ելույթը նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի հանդիսավոր նիստում: Խորհրդարանական նոր սերնդին՝ որը թերեւս կազմելու է Հայաստանի նոր քաղաքական դասի սաղմը եւ որի ուսերին է նոր էլիտայի ձեավորման արդյունավետ եւ ազատ միջավայրի ինստիտուցիոնալացման պատմական առաքելությունը, Արմեն Սարգսյանն հորդորում էր բացել մտածողության սահմանները եւ այդ հարթության մեջ առաքելությունը դիտարկել համաշխարհային մասշտաբով, որքան էլ զուտ քայլերի առումով այն ընդգրկելու է առավելապես Հայաստանի տարածքը:

Նոր խորհրդարանն այդ տեսանկյունից պետք է գործի թերեւս թե համահայկական, թե համաշխարհային անմիջականության ամենօրյա ազդակների ռեժիմով, որոնք պետք է ներառեն նաեւ այն խնդիրները, որ իր ուղիղ եթերի ընթացքում շոշափում էր նաեւ վարչապետ Փաշինյանը՝ «քաղաքացիներին պոկել բազմոցից»: Խոսքն այստեղ եւս նախ եւ առաջ մտածողության տեսանկյունից «պոկելու», այսինքն մասնակցայնությունը քաղաքացիների համար կենսակերպ դարձնելու մասին է:

Խոշոր հաշվով, մասնակցային մտածողությունը չունի բաժանում՝ հայաստանյան կամ համաշխարհային: Այն համաշխարհային է անխուսափելիորեն, որովհետեւ դրա առկայությունը եւ խորքային ամրագրումը անընդհատ զգում է նորանոր սահմանների, նորանոր տարածությունների կարիք: Մեծ հաշվով այդպես է բացվելու Հայաստանը եւ աշխարհի հետ մտնելու արդյունավետ հաղորդակցության մեջ՝ տալով ու վերցնելով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *